ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր է վերսկսել, միայն եթե Վաշինգտոնը պատրաստ լինի փոխշահավետ և հավասարակշռված միջուկային գործարքի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Բանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, եթե մյուս կողմը պատրաստ է արդար, հավասարակշռված և փոխշահավետ միջուկային գործարքի», - գրել է նա X սոցցանցի իր պաշտոնական էջում։
Արաղչին նաև հավելել է, որ «Եվրաեռյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պետք է հրաժարվի միջազգային պատժամիջոցների վերականգնման գաղափարից և սկսի պատասխանատու գործել, եթե ցանկանում է դեր խաղալ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: