ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ ՀՀ իշխանությունները նոր գործողություն են նախապատրաստում Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Spuntik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում այս մասին հայտարարեց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Փաշինյանի երեկվա ասուլիսը։
«Ես ինֆորմացիա ունեմ, որ իրենք գնում են ավելի այլանդակ մի քայլի՝ փորձելու են իմիտացնել ազգային եկեղեցական ժողովի հրավիրում, կգտնեն ինչ-որ կոնտինգենտ, որի վրա կհենվեն, ինչ-որ այլընտրանքային կաթողիկոս կընտրեն, այդպես կվարկաբեկեն եկեղեցին (ինչպես Ուկրաինայում եղավ), հետո աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության հետ կկապեն, եպիսկոպոսաց դասին ռուսական ագենտուրա կհռչակեն»,- ասաց Սուրենյանցը։
Նրա ունեցած տեղեկություններով՝ հիմա իշխանությունները բանակցում են եպիսկոպոսներից մեկի հետ՝ իրենց ծրագրած գործողության իրականացումն ապահովելու համար։
Հստակեցնել, թե որ եպիսկոպոսի մասին է խոսքը, Սուրենյանցը չցանկացավ։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ եպիսկոպոսը հիմա ՀՀ սահմաններից դուրս է»,- նշեց Սուրենյանցը` հավելելով միայն, որ խոսքը Թուրքիայում գտնվող եպիսկոպոսի մասին չէ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։