Սահմանադրության ո՞ր հոդվածով է Փաշինյանը գործում Գարեգին Բ–ի դեմ. հարցը մնաց անպատասխան

ՀՀ վարչապետի խոսքով` Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր և բարոյական արժեքների էպիկենտրոնը պետք է լինի և իր կոչումով նաև այդպիսին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի ղեկավար, Սահմանադրության ո՞ր հոդվածով է առաջանորդվում Գարեգին 2–րդի և Հայ առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ իր գործողություններում։ Sputnik Արմենիայի այս հարցին Փաշինյանը չկարողացավ պատասխանել, նշեց միայն, որ այս հարցում առաջնորդվում է որպես Հայ եկեղեցու հետևորդ, որի համար եկեղեցին սրբություն է։
«Ես առաջին հերթին գործում եմ Հայ առաքելական եկեղեցու նորոգման և փրկության օրակարգի շրջանակում, գործում եմ առաջին հերթին որպես հավատավոր հետևորդ։ Դա նաև համընկել է այն փաստի հետ, որ ես նաև ՀՀ վարչապետ եմ։ Հայ եկեղեցին ինձ համար սրբություն է»,– հայտարարեց նա։
Փաշինյանը նշեց` Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր և բարոյական արժեքների էպիկենտրոնը պետք է լինի, և իր կոչումով նաև այդպիսին է։
Նա անթույլատրելի է համարում, որ կարելի է խնդիրների մասին տեղյակ լինել, բայց դրանց լուծմանը չձգտել. դա կարող է դիտվել որպես այդ բարոյական և հոգևոր արժեքներից հրաժարում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։