Իրանը կարող է ավելի ուժեղ հարվածել ԱՄՆ-ին, քան Իսրայելի հետ պատերազմի ժամանակ․ Խամենեի

Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ Իրանն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները և հաջողակ կլինի ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Իրանը կարող է ավելի ուժեղ հարված հասցնել ԱՄՆ-ին և «մյուս» երկրներին, քան հասցրել է իրանա-իսրայելական հակամարտության ժամանակ։ Այս մասին Իրանի դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«ԱՄՆ-ի ռազմաբազան, որի վրա հարձակվել էր Իրանը, շատ կարևոր էր ամբողջ Մերձավոր Արևելքում։ Այդ բազայի վրա Իրանի ջախջախիչ հարվածի մասշտաբներն ակնհայտ կդառնան, հենց որ այդ լուրերի գրաքննությունը չեղարկվի։ Իհարկե, Միացյալ Նահանգներին և այլ երկրներին կարելի է ավելի մեծ հարված հասցնել»,-ասել է Խամենեին։
Խամենեին նաև ընդգծել է, որ Իրանը երբեք չի մոտենա «թույլ կողմի դիրքերից»: Նրա խոսքով՝ Իրանն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները և հաջողակ կլինի ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ոլորտում:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: