3 ամսով կալանավորված Լիանա Հարությունյանի 8 ամսական փոքրիկը վաղը դուրս կգրվի․ Գալյան

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Ըստ արդարադատության նախարարի՝ «Աբովյան» ՔԿՀ-ում մոր և մանկան համար առանձնացված հատվածը վերանորոգված է, կահավորված, ապահովված տաք և սառը ջրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ 3-ամսյա կալանքի դատապարտված Լիանա Հարությունյանն ու փոքրիկը վաղը դուրս կգրվեն հիվանդանոցից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Հուլիսի 15-ին հայտնել էինք, որ 3-ամսյա կալանքի դատապարտված և 8 ամսական փոքրիկի հետ «Աբովյան» ՔԿՀ տեղափոխված Լիանա Հարությունյանը երեխայի հետ հոսպիտալացվել է, քանի որ փոքրիկի առողջական վիճակը վատթարացել է։ Նրանք տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց։
Գալյանը նշել է, որ այսօր այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու 8 ամսական փոքրիկին։
«Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը»,- հայտնել է Գալյանը։
Նա անդրադարձել է «Աբովյան» ՔԿՀ-ում առկա պայմաններին՝ նշելով, թե մոր և մանկան համար առանձնացված հատված, որտեղ միմյանցից առանձին պատիժ են կրում երկու այլ կանայք` իրենց մոտ ունենալով մինչև երեք տարեկան երեխա: Նրա խոսքով՝ կա խոհանոց, որը կահավորված է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով:
«Նշված հատվածի բոլոր սենյակները վերանորոգված են և ապահովված են շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարմամբ, կահավորված են մանկական մահճակալներով, ինչպես նաև երեխայի հիգիենայի կազմակերպման անհրաժեշտ պարագաներով»,- գրել է արդարադատության նախարարը։
Հավելել է, որ ՔԿԾ ղեկավարի հետ քննարկել են երեխաների և կանանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովման և շարունակական աջակցության ցուցաբերման հարցերը։
Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ «Աբովյան» ՔԿՀ–ում պահվող երեխան փորլուծություն ունի, ինչի պատճառով մաշկը ախտահարվել է: Նա նշել էր, որ Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք: Բացի այդ այն բանտախուցը, որտեղ գտնվում են փոքրիկ Ջուլիան և նրա մայրը, բացարձակ պիտանի չէ որպես ութ ամսական երեխայի համար կեցության վայր:
Նրա գրառմանն արձագանքել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ հերքելով հրապարակված տեղեկությունները։
Հավելենք, որ նախօրեին ԱԺ ընդդիմադիր պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել դատարան՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոխելու համար։
Հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, դատարանի դահլիճում փոխել է անօրինական միգրացիային օժանդակելու մեջ մեղադրվող՝ 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցը ու 3 ամսով կալանավորելու որոշում կայացրել։