Երևանում «Նեմեսիս» հուշարձանի հարևանությամբ մեկնարկեց ՀՅԴ 12-րդ համահայկական երիտասարդական-ուսանողական բանակումը։
Բացման արարողությունից անմիջապես հետո մասնակիցները երթով շարժվեցին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ։
Երիտասարդ դաշնակցականները երթով անցան Երևանի կենտրոնով։
Մինչ այդ ՀՅԴ բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, դիմելով երիտասարդական-ուսանողական 12-րդ հավաքին մասնակիցներին, հայտարարեց, որ միայն համահայկական զորաշարժով հնարավոր կլինի լուծել Հայաստանի գլխին կախված խնդիրներն ու մարտահրավերները:
Ըստ նրա` նման հավաքն արդեն ցույց է տալիս, որ Հայաստանն ու սփյուռքը, որքան էլ ցանկանան պառակտել, միասնական են միջազգային և տարածաշրջանային սպառնալիքների պայմաններում։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հավաքը պատասխանն է բոլոր նրանց, ովքեր վերջին տարիներին ամեն ինչ արել են Հայաստան–սփյուռք կապը խզելու համար, այդ թվում՝ արգելելով ՀՅԴ որոշ ներկայացուցիչների մուտքը Հայաստան:
Սաղաթելյանը նաև նշեց, որ սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ սփյուռքն անտարբեր չէ պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: