Շարունակելու ենք մեր պայքարը․ արցախցիները բողոքի ակցիան շարունակում են կառավարության դիմաց

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ Արտակ Մկրտչյանը կարծում է, որ վերջին հանրահավաքին քիչ թվով արցախցիներ էին մասնակցում իշխանությունների քարոզչության և ճնշումների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Արցախցիները բողոքի ակցիան և նստացույցը շարունակում են կառավարության շենքի դիմաց։ Ուշ երեկոյան «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել է Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց, քանի որ կարծում են` իրենց հարցերի հասցեատերը գործադիր իշխանությունն է։
Արցախցիները հուլիսի 12-ին հանրահավաք էին կազմակերպել Երևանում, որից հետո ոստիկանները թույլ չտվեցին երթ իրականացնել` հայտարարելով, որ ուժ կկիրառեն։ Արցախցիներն էլ ի նշան բողոքի անժամկետ նստացույց սկսեցին Ազատության հրապարակում։
«Մենք շարունակելու ենք մեր պայքարը, փորձելու ենք այսօր այստեղ նստացույց իրականացնել։ Կոնկրետ կառավարությունից այս պահի դրությամբ պահանջում ենք կանխել արցախցիների արտագաղթն ու դրսում հայտնվելը, անտուն դառնալը»,- լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։
Նրա կարծիքով՝ եթե արցախցիները միասնական իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, կառավարությունը կլսի նրանց, գոնե աջակցության ծրագրերի պայմանների նվազագույն բարելավում կանի։ Թե ինչու էին վերջին հանրահավաքին քիչ թվով արցախցիներ մասնակցում, Մկրտչյանը նշեց՝ մի կողմից իշխանությունների քարոզչության հետևանք է, մյուս կողմից էլ ճնշումների հետևանքով վախի մթնոլորտ է ստեղծվում։
«Վստահ եմ, որ շարունակելով մեր ճանապարհը՝ հասնելու ենք մեր իրավունքների պաշտպանությանը»,- նշեց Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ի հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրին, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։