ՀՀ–ում միայն արցախցիների խնդիրը չէ․ Տարոն Չախոյանը՝ կառավարության աշխատանքի մասին

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ ՀՀ կառավարությունն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ արել և անում է արցախցիների խնդիրները հասցեագրելու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Եկեք բոլորս հասկանանք, որ ՀՀ-ում միայն արցախցիների խնդիրը չէ. ՀՀ-ում կան բազմաթիվ անօթևաններ, որոնց հարցերով ևս պետք է զբաղվի Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Չախոյանը։
Լրագրողներից մեկը դիտարկում արեց, թե պետք չէ նույնացնել արցախցիների և մյուս անօթևանների խնդիրները, որովհետև արցախցիներն իրենց տասնամյակներով ստեղծած տունը, ունեցվածքը թողել, բռնի տեղափոխվել են Հայաստան, և մեր երկիրը պարտավորություն ունի նրանց հանդեպ։ Մեկ ուրիշ լրագրող էլ նկատեց՝ արցախցիներն անօթևան են դարձել ներկա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով, հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը։
«Դուք կարծում եք, որ դրանի՞ց սկսվեց։ Ռազմական բալանսը խախտվելու հետևանքով սկսվեց, որովհետև Քոչարյանի (ՀՀ երկրորդ նախագահ– խմբ․) կառավարման տարիներին ռազմական բալանսը սկսեց խախտվել»,- հայտարարեց Չախոյանը։
Նա շարունակեց պնդել, որ կառավարությունը տարատեսակ սոցիալական ծրագրեր է իրականացնում արցախցիների համար։
Անդրադառնալով այն հարցին, թե եթե ծրագրերն այդքան լավն են և նորմալ իրականացվում են, ինչու՞ են արցախցիները շարունակում բողոքել դրանցից և բնակապահովման խնդիրներից, Չախոյանը նշեց՝ «նորմալը տարբեր մարդկանց համար տարբեր բաներ է նշանակում»։
«Մեկի համար նորմալ ապահովելը նշանակում է 1 մլն դրամ աջակցություն, մյուսի համար՝ 100 հազար դրամ»,- հայտարարեց Չախոյանը։
Լրագրողը նկատեց՝ արցախցիները 1 մլն դրամ չեն պահանջում, այլ ընդամենն իրենց տրվող 40+10 ծրագրի շարունակակություն են ակնկալում։
Հիշեցնենք` արցախցիները հուլիսի 12-ին հանրահավաք էին կազմակերպել Երևանում։ Հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրին, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Հանրահավաքից հետո ոստիկանները թույլ չտվեցին երթ իրականացնել` հայտարարելով, որ ուժ կկիրառեն։ Արցախցիներն էլ ի նշան բողոքի անժամկետ նստացույց սկսեցին Ազատության հրապարակում։ Այսօր նրանք բողոքի ակցիան և նստացույցը շարունակում են կառավարության շենքի դիմաց։
Հավելենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։