Եթե ԱՄՆ-ն շարունակի պնդել իր պահանջը, Իրանը բանակցությունների չի գնա. Խամենեիի խորհրդական

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է ընդունի սեփական սխալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Թեհրանը չի համաձայնի բանակցել Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ն շարունակի առաջ քաշել Իրանի կողմից ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանը: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
«Իրանի Իսլամական Հանրապետության կողմից նախանշված կարմիր գծերի պահպանման դեպքում մենք դեմ չենք առանց նախապայմանների բանակցություններին։ Նրանք ասում են, որ Իրանը պետք է դադարեցնի հարստացումը, բայց դա մեր կարմիր գծերից մեկն է, և եթե բանակցությունները պայմանավորված լինեն հարստացման դադարեցմամբ, ապա դրանք հաստատ չեն կայանա», - Իրանի առաջնորդի խորհրդականի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է ընդունի սեփական սխալները և փոխի իր քաղաքականությունը:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: