ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ ԱԺ արտահերթ նիստում հապշտապ կատարված օրենսդրական փոփոխությունները ՀԷՑ-ը պետականացնելու գործընթաց չեն ենթադրում. Sputnik Արմենիային ասել է փաստաբան, իրավական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը։
Ուսումնասիրելով կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը` մասնագետը հանգել է այն եզրակացության, որ իրավական նոր կարգավորումները ՀԷՑ-ը պետականացնելու ուղղությամբ նույնիսկ առաջին քայլն էլ չեն։ Դրանցով իրականում այդ գործընթացը չի էլ սկսվել։
Հիշեցնենք` հունիսի 18-ին` «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից ու նրա ձերբակալությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց գործարարին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն ազգայնացնելու կամ պետականացնելու մասին։ Խոստացած մեխանիզմը` օրենսդրական փոփոխությունների փաթեթը խորհրդարանն ընդունեց հուլիսի 3-ին։ Այն օրենքի ուժ ստացավ հուլիսի 9-ին։
Այդուհանդերձ, Արսեն Թավադյանն ընդգծում է, որ օրենսդրական փաթեթում ներառված 4 օրենքներում կատարված փոփոխություններից որևէ մեկով ՀԷՑ–ի ակտիվների, բաժնետոմսերի կամ ենթակառուցվածքների նկատմամբ սեփականության իրավունքի անցում Հայաստանի Հանրապետությանը նախատեսված չէ։
Թավադյանի մեկնաբանմամբ` նոր օրենքով ՀԷՑ–ի վաճառքի դեպքում պետությունը ձեռք է բերում նախապատվության իրավունք: Այսինքն, եթե ընկերության ներկայիս բաժնետերերը որոշեն վաճառել իրենց բաժնետոմսերը, նախ պետք է առաջարկեն դրանք ՀՀ կառավարությանը:
Մեկ այլ կարգավորմամբ` եթե ՀԷՑ-ը կոպիտ խախտումներ է թույլ տալիս, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է նշանակել ժամանակավոր կառավարիչ` վարչական վարույթի ժամկետով, այն է` առավելագույնը 4 ամիս։ Ընդ որում, կառավարիչը փոխարինում է միայն գործադիր մարմնին: Ընկերության ընդհանուր ժողովը և տնօրենների խորհուրդը մնում են իրենց տեղում, պարզապես իրենց լիազորություններն իրականացնում են կառավարչի համաձայնությամբ:
«Օրենսդրական փոփոխությունները տալիս են հնարավորություն, որ պետությունը ժամանակավոր կառավարի ՀԷՑ–ը, ընդ որում` աղճատված, որովհետև ժամանակավոր կառավարչին անցնելու է միայն գործադրի ֆունկցիան, այն էլ` ժամանակավոր։ Մնացած բոլոր ֆունկցիաների հետ խզում է տեղի ունենալու, և ամենակարևորը` սա չի ենթադրում գույքի փոխանցում ՀՀ–ին»,– մեկնաբանում է մասնագետը։
Փոփոխություններով ընձեռնված միակ հնարավորությունը, որով կառավարությունը կարող է ձեռք բերել ՀԷՑ-ի բաժնետոմսերը, Արսեն Թավադյանի դիտարկմամբ, էներգետիկ համակարգը կոլապսի բերելն է։
«Ժամանակավոր կառավարիչը ուղղակի կհանգեցնի նրան, որ ՀԷՑ–ի ֆինանսական դրությունը շատ վատթարանա։ Հետագայում ՀԾԿՀ–ը պարբերաբար տուգանքներ կկիրառի` ընկերությանը սնանկության հասցնելով, ինչը կստիպի բաժնետերերին վաճառել իրենց բաժնետոմսերը։ Եվ այդ պարագայում պետությունը կունենա նախապատվության իրավունք և կկարողանա շատ էժան գնով ձեռք բերել դրանք։ Բայց սա շատ հեռահար գործընթաց է, որը շատ լուրջ օրենսդրական խախտումներ է ենթադրում։ Եվ եթե պետությունն այդպես է շարժվելու, դա ուղղակի էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ է ստեղծելու»,– նշում է Թավադյանը։
Բայց նույնիսկ ՀԾԿՀ–ի ձեռքով ցանկալի արդյունքի հասնելը, փորձագետի համոզմամբ, կարճ ժամկետում իրականացնել չի հաջողվի։
Բանն այն է, որ ՀԷՑ–ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար ՀԾԿՀ–ն նախ պետք է վարչական վարույթ հարուցի։ Եվ ցանկացած վարչական ակտ, որ կկայացվի դրա շրջանակում, այդ թվում` ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը, ՀԷՑ–ի իրավաբանները կարող են բողոքարկել դատարանում։ Կարող են բողոքարկվել նաև դատարանների որոշումները` վերին դատական ատյաններում, ինչը կառավարության խոստացած գործընթացը կդարձնի խիստ ժամանակատար և երկար` հակառակ վարչապետի խոստման։
«Այս տեսակետից, մենք գործ ունենք ՀՀ կառավարության կողմից տրված հերթական սուտ, պոպուլիստական խոստման հետ»,– եզրակացնում է Արսեն Թավադյանը։
ՀԷՑ–ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։