ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիտարկել որպես Ուկրաինայի հարցով բանակցություններում գլխավոր գործընկեր, իսկ Վլադիմիր Զելենսկուն՝ որպես խաղաղության հաստատման կարևորագույն խոչընդոտ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Financial Times-ին հայտնել են եվրոպացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Առայժմ քիչ են շոշափելի ապացույցներն առ այն, որ Սպիտակ տունն ավելի ուկրաինամետ դիրքորոշում կորդեգրի, ասվում է հոդվածում։
«Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դեռ կարծում են, որ Թրամփը հակված է Պուտինին դիտարկել, որպես ցանկացած բանակցություններում գլխավոր գործընկեր, իսկ Զելենսկուն՝ կենսունակ խաղաղ գործարքի կնքման կարևորագույն խոչընդոտ», - հայտարարել են պարբերականի աղբյուրները։
Ավելի վաղ Economist պարբերականը նաև գրել էր, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին ռազմական մատակարարումների վերականգնումը չի նշանակում, որ Դոնալդ Թրամփն ամբողջությամբ Ուկրաինայի կողմից է:
Politico պարբերականը հուլիսի 1-ին հայտնեց, որ զինամթերքի և սպառազինության ամերիկյան պաշարների սպառման հիմքով ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինա մատակարարումները: Սակայն հուլիսի 7-ին Թրամփը խոստացավ ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինային՝ ընդգծելով, որ խոսքն առաջին հերթին պաշտպանական միջոցների մասին է: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Պարնելը հաստատեց, որ Թրամփի հրահանգով Պենտագոնը լրացուցիչ «պաշտպանական սպառազինություն» կուղարկի Ուկրաինային:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Թուրքիայում (առաջինը՝ նույն տեղում մայիսի 16-ին): Ստամբուլի Չիրագան պալատում հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ։ Հանդիպման ընթացքում կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր են փոխանակել։ Ինչպես բանակցությունների արդյունքում հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման մասին:
Բացի այդ, կողմերը քննարկել են ճակատի առանձին հատվածներում հրադադարի հաստատման հարցը, որպեսզի հնարավոր լինի հավաքել զոհվածների մարմինները: Մեդինսկու խոսքով՝ ուկրաինական կողմն ընդունել էր այս առաջարկը, բայց բառացիորեն երկու ժամ անց Վլադիմիր Զելենսկին հրապարակավ հրաժարվեց ենթադրյալ պայմանավորվածությունից։ Մեդինսկին ընդգծել է, որ ՌԴ-ն կատարել է Ստամբուլում տված խոստումները։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են հակամարտության կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում են պատերազմ և «կրակի հետ խաղ են»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար սպառազինություն է պարունակում, Ռուսաստանի համար կդառնա լեգիտիմ թիրախ: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և կունենա բացասական ազդեցություն։