Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մոսկվան կօգնի Դոնեցկին 2026 թ–ին վերականգնել հարվածներից տուժած 5 շրջանները. Սոբյանին

Դոնեցկի հինգ շրջաններն ամենաշատն են տուժել Ուկրաինայի զինված ուժերի իրականացրած հրետակոծության հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Մոսկվան կօգնի Դոնեցկին վերականգնել սիստեմատիկ կերպով ռմբակոծությունների ենթարկված հինգ շրջանները, աշխատանքները կսկսվեն 2026 թվականին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Քաղաքապետի խոսքով՝ Մոսկվան Լուգանսկի և Դոնեցկի գլխավոր օգնականն է՝ օգնում է վերականգնել ենթակառուցվածքները, կոմունալ ենթակառուցվածքները, օգնում է բարեկարգման հարցում, շենքերի, շինությունների և սոցիալ-մշակութային և կենցաղային օբյեկտների վերականգնման գործում։
«Դոնեցկում արդեն մյուս տարի անցնում ենք հաջորդ փուլին։ Գիտեք, որ այնտեղ մոտ հինգ շրջան է պարբերաբար ենթարկվել ռմբակոծության, այնտեղ կրակել են հրետանուց, ավերվել են տներ և շենքեր։ Կարճ ասած` այնտեղ բարդ իրավիճակ է։ Այսօր զորքը հետ է քաշվել։ Ինչպես գիտեք, հարձակումներ կան։ Գիտեք` փորձում են ապակայունացնել իրավիճակը հրթիռներով։ Բայց դրանք առանձին դեպքեր են։ Մի ժամանակվա զանգվածային ռմբակոծությունները չկան։ Այդ պատճառով հաջորդ տարվանից սկսած մենք կանցնենք այդ հինգ շրջանների վերականգնման գործին», – ասել է Սոբյանինը։
Նա նշել է, որ դա աշխատանքների հսկայական նոր ճակատ է։ Դոնեցկի մարզի ղեկավարության հետ համատեղ ստուգվում են ծրագրերը՝ աշխատանքներին ակտիվորեն անցնելու համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։