ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։
Նշենք, որ հուլիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը 60 կողմ, 26 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց օրենսդրական փաթեթ Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորվելու վերաբերյալ։ Ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին՝ նշելով, որ միավորման նպատակը քաղաքական է, իշխանությունն անում է ամեն ինչ ՔՊ-ական համայնքի ղեկավար ունենալու համար։
Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու օրակարգով երկու անգամ նիստ է հրավիրվել, սակայն իրավազորության բացակայության պատճառով այն չի կայացել, ուստի դա հիմք է համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու համար (համայնքի ղեկավար ընտրելու օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետն անցել է)։
Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական տվեց։
Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։
Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16–ին։