ԵՊՀ-ում դադարեցվել է նաև Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի աշխատանքը

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը մի քանի անգամ բերվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի օրակարգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ ԵՊՀ-ում Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատանքների դադարեցումով նաև ուսանողական մի շարք կառույցների գործունեություն է դադարեցվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԵՊՀ-ում Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի արդեն նախկին տնօրեն Էդուարդ Գալստյանը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբին, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցին, ԵՊՀ գիտարշավական ակումբին և մի շարք այլ ուսանողական կառույցների գործունեությանը, որոնք ստեղծվել էին կենտրոնի կողմից և գործում էին դրա կազմում:
«Մեկ օրում փաստացի չեղարկվել են բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում էին իրականացնել այս կառույցների շրջանակներում: Այնպես որ, երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր»,- գրում է Գալստյանը։
Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ կենտրոնի բոլոր աշխատակիցներն աշխատանքից ազատման ծանուցում են ստացել։ Ըստ ծանուցման՝ նրանց հետ պայմանագրերը լուծարվում են հուլիսի 11-ով։
Հավելենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ԵՊՀ-ում Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը մի քանի անգամ բերվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի օրակարգ։