ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. ԵՊՀ Աստվածաբանութան ֆակուլտետի դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանն ազատվել է աշխատանքից, հայտնում է 24News-ը
Ըստ կայքի տեղեկությունների, այս հանձնարարականն ուղիղ իջել է կառավարության աշխատակազմից այն բանից հետո, երբ նա մասնակցել է Սամվել Կարապետյանին աջակցության հավաքին:
Անուշավան սրբազանը ԵՊՀ-ում պաշտոնավարում էր 2005 թ-ից։
Երևանում հուլիսի 4-ին տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն «Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված ղեկավար Սամվել Կարապետյանի:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Այսօր իրավապահները վաղ առավոտից գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն է իրականացվել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։