ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Բագրատ սրբազանի կեցավայրում գաղտնալսումը և ձայնագրությունները իրականացվել է սուրճի ապարատի միջոցով։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Պարզվում է՝ Բագրատ սրբազանի կեցավայրում, որտեղ կայացել են նախաձեռնող խմբի հավաքները, սուրճի ապարատ է եղել, որն անցած տարի փչացել է։ Սրբազանի մերձավորներից մեկն այն տարել է արհեստանոց՝ նորոգման։ Այն մասին, որ պետք է սուրճի ապարատը նորոգման տարվի, խոսել են հեռախոսով, և մեր քաջարի ԱԱԾ-ականները հեռախոսը լսելով՝ իմացել են, հետևել, և հենց այդ արհեստանոցում էլ սուրճի ապարատի մեջ ժուչոկ է տեղադրվել, որն օրեր շարունակ գաղտնալսելու և ձայնագրելու հնարավորություն է ստեղծել ԱԱԾ-ի համար»,–գրում է լրատվամիջոցը։
Պարզվել է նաև, որ սարքի անխափան աշխատանքի համար հոսանքի անխափան մատակարարում է անհրաժեշտ, իսկ քանի որ սուրճի ապարատը մշտապես միացված է հոսանքին, դա լավագույն ձևն է եղել առանց ուշադրություն հրավիրելու, տևական ժամանակ գաղտնալսելու տարածքը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։