ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը վիրավորանքների ու զրպարտությունների համար նախատեսում է շուրջ 150 քաղաքացիական հայց ներկայացնել դատարաններ։ Այս մասին Խուդոյանը հայտարարեց ասուլիսում։
«Քաղաքացիական հայցեր ենք ներկայացնելու տարբեր օղակների քարոզիչների դեմ , ովքեր խախտելով անմեղության կանխավարկածը, վիրավորական և զրպարտչական արտահայտություններով թեման ուռճացնում են։ Բազմաթիվ մարդիկ կան. այս պահի դրությամբ 150 անուն ֆիքսել ենք, որոնց գործողություններում ակնհայտ են և դատարանների կողմից բավարարման ենթակա վիրավորական և զրպարտչական խոսքը»,–ասաց Խուդոյանը։
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Բագրատ սրբազանի հետ որոշել են զազրախոսների դեմ քաղաքացիական հայցեր ներկայացնել և առաջիկայում դատարան կներկայացվի հայցերի առաջին տասնյակը:
Նշենք, որ օրեր առաջ էլ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայտարարեց, որ սեփական նախաձեռնությամբ հայցադիմումներ է ներկայացնում և ներկայացնելու դատարան՝ Սամվել Կարապետյանի գործարար բարի համբավի, ինչպես նաև արատավորող հրապարակային խոսքի և հրապարակումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով խախտված իրավունքների վերականգնման համար:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ` կից հրապարակելով ձայնագրություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։