Ահաբեկիչ էր, բայց թողել էին` աջուձախ հարցազրույցնե՞ր տա. փաստաբանը` Արթուր Սարգսյանի մասին

Մհեր Հակոբյանի խոսքով` այն ինչ կատարվում է Հայաստանում, հավանաբար խորը հիասթափություն կառաջացներ իրական ահաբեկիչների մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. ՀՀ իրավապահ համակարգը Հայաստանում ենթադրյալ ահաբեկություն կազմակերպող 2000 անձանցից կալանավորել է 15–ին, հարց է առաջանում` իսկ ո՞ւր են մնացած 1985–ը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց փաստաբան Մհեր Հակոբյանը` անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ–ում մեծ աղմուկ բարձրացրած «ահաբեկչության գործին»։

«Ասում են` երկրում պետք է ահաբեկչություն լիներ, մարդիկ սպանվեին, մեքենաներ հրկիզվեին, շենքեր գրավեին և այլն։ Ներգրավված է 2000 մարդ, այդ թվում` Արթուր Սարգսյանը, բայց նա 1 շաբաթ է ազատ ման է գալիս, աջուձախ հարցազրույց է տալիս։ Այսինքն` ինչ–որ մեկը պլանավորում է ահաբեկչություն սեպտեմբերին, իրավապահները գիտեն, բայց նստած սպասում են, որ այդ 2000 հոգին ազատության մեջ ման գա՞ն։ Աբսուրդի ժանրից է ոչ միայն այդ հոդվածը, այլև իրավապահ մարմինների գործողությունները»,–ասաց փաստաբանը։

Փաստաբանը կես կատակ, կես լուրջ նշեց` այն, ինչ կատարվում է Հայաստանում, հավանաբար խոր հիասթափություն կառաջացներ իրական ահաբեկիչների մոտ։
«Սա ապտակ է համաշխարհային ահաբեկչությանը։ Որ ահաբեկիչը տեսնի, որ երկրում սենց բան է կատարվում, կարող է ամոթից թոշակի գնա»,–ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը հուլիսի 8-ին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, նույն օրը ԱԺ–ն բավարարեց նաև նրան ազատազրկելու միջնորդությունը։
Մինչ խորհրդարանը քննում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել էր ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։
Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։