ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այս պահին հարցաքննվում է ՀՀ քննչական կոմիտեում։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
Նշվում է, որ Օհանյանը հրավիրվել է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վարույթի շրջանակում։
«Ենթադրվում է, որ նրան այսօր մեղադրանք կներկայացվի, քանզի երեկ ՔՊ-ն տվել էր իր համաձայնությունը»,– գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 7–ին բավարարեց ՀՀ գլխավոր դատախազի` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրը։
Ըստ քրեական վարույթի նյութերի` Սեյրան Օհանյանը կասկածվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,526 քմ տարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։