Սամվել Կարապետյանը դատական հայցեր է ներկայացրել Նազելի Բաղդասարյանի ու Տարոն Չախոյանի դեմ

Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայցեր են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» ղեկավար Հայկ Կոնջորյանի և պատգամավոր Արսեն Թորոսյանի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Գործարար Սամվել Կարապետյանը մի շարք դատական հայցեր է ներկայացրել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Սամվել Կարապետյանը նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իրեն հասցեագրված վիրավորական արտահայտությունների համար, հրապարակային հերքել զրպարտությյուններն ու որպես վիրավորանքի և զրպարտության փոխհատուցում վճարել 9 միլիոն ՀՀ դրամ։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։