Հիսուս Քրիստոսի տունը պետք ազատագրվի, և ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը. Փաշինյան

ՀՀ վարչապետն ամենօրյա ռեժիմով գրառումներ է անում սոցցանցում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի` Ամենայն հայոց կաթողիկոսի և այլ հոգևորականների դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ազատագրելու է վեհարանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ից և որոշ այլ հոգևորականներից։
Նա կարծում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, Շիրակի թեմի առաջնորդ Միաքայել արքեպիսկոպոս սրբազանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն (նրանց բոլորին Փաշինյանն անվանում է իրենց աշխարհիկ անուներով` Կտրիճ Ներսիսյան, Գևորգ Աջապահյան, Վազգեն Գալստանյան) ու որոշ այլ հոգևորականներ կապ չունեն Հիսուս Քրիստոսի ու նրա վարդապետության հետ։
«Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից և պետք ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,–իր հերթական ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։