ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովը քննում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։
Նշենք, որ րոպեներ առաջ ԱԺ 107 պատգամավորներից 62-ը կողմ քվեարկեցին Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։
«Ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է խոչընդոտել քրեական վարույթով ապացույցների ձեռքբերման գործընթացը դեռևս չհարցաքննված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, այդ թվում՝ օգտագործելով իր դիրքն ու դիրքով պայմանավորված հեղինակությունը»,- ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում այսպես հիմնավորեց Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու անհրաժեշտությունը։
Դատախազությունը կասկածներ ունի նաև, որ Արթուր Սարգսյանը կարող է թաքցնել կամ ոչնչացնել վարույթի համար նշանակություն ունեցող նյութերը։
Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 7-ին զրկվեցին անձեռնմխելիությունից։
Ըստ քրեական վարույթի նյութերի` Սեյրան Օհանյանը կասկածվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,526 քմ տարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։
Արծվիկ Մինասյանը կասկածվում է այն բանում, որ 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։