ՌԴ Տվերի մարզում ձերբակալվել են հանցավոր կազմակերպության մասնակիցներ: Այս մասին հայտնում է Տվերի մարզի դատախազության մամուլի ծառայությունը։
«Տվերի մարզի դատախազության համակարգող դերի շնորհիվ քննչական մարմինը քրեական գործ է հարուցել հանցավոր համագործակցության կազմակերպչի և ութ մասնակիցների նկատմամբ»,-ասված է Տվերի մարզի դատախազության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ 2022 թվականի հունվարից մինչև 2025 թվականի հուլիսը կասկածյալները զբաղվել են չմակնշված ծխախոտի արտադրանքի և սուրոգատ ալկոհոլի ապօրինի շրջանառությամբ։
Խմբի անդամները ձերբակալված են, որոշվում է խափանման միջոց ընտրելու հարցը։
«Հանցավոր գործունեությունը կասեցվել է Տվերի մարզում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից։ Քննության ընթացքը հսկողության տակ է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Բաքվի ԶԼՄ– ները հայտնում են, որ խմբի ձերբակալված անդամներն Ադրբեջանից են:
Հիշեցնենք, որ ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27-ին հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների գործով հանցավոր խմբի վեց մասնակիցների ձերբակալման մասին: Հետաքննության վարկածով՝ մեղադրյալները, որոնք «էթնիկ հանցավոր խմբի մաս էին կազմում», ներգրավված են 2001, 2010, 2011 թվականներին իրականացված սպանությունների և մահափորձերի մի շարք դրվագներում: Դատարանը կալանավորել է գործով հինգ մեղադրյալների։ Ձերբակալվածներն Ադրբեջանից են։