ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը` Ա.Գ.-ն, նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, պլանավորել է խուլիգանական գործողություններ:
Ա.Գ.-ն ընկերության մեկ այլ դեպարտամենտի ղեկավարի հետ նախապես ձեռք է բերել պայմանավորվածություն, որի արդյունքում լրատվամիջոցներից մեկի լրագրողի և օպերատորի միջոցով ապահովվել է տեղի ունեցող իրադարձությունների ուղիղ հեռարձակումը:
Ա.Գ.-ն այդ ընթացքում կազմակերպել է մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարումը, հնչել են հայհոյանքներ, հավաքվածները չեն ենթարկվել իրավապահ մարմինների օրինական պահանջներին, այլ ընդհակառակը՝ հրմշտել, քաշքշել, հարվածներ են հասցրել վերջիններիս, որը զուգորդվել է նաև ուրիշի գույքի վնասմամբ:
Բացի այդ, Ա.Գ.-ի կազմակերպմամբ երկու տասնյակից ավելի անձինք հավաքվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից տարածքում, ուր Մ.Հ.-ն և Հ.Ա.-ն հավաքվածներին հրահանգել են տվյալ ճանապարհահատվածով ՀՀ վարչապետի ավտոշարասյան անցնելու ընթացքում փակել ճանապարհը և խոչընդոտել ավտոշարասյան տեղաշարժը:
Բացի այդ, Մ.Հ.-ի և Հ.Ա.-ի կազմակերպմամբ, հավաքվածները ձվերով հարվածել են պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետին սպասարկող ավտոմեքենային, ինչը տեսանկարահանվել է նաև ընկերության անվտանգության դեպարտամենտի աշխատակցի կողմից, իսկ տեսանյութը տեղադրվել և տարածվել է համացանցում:
Արդյունքում Ա.Գ.-ն, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ մասնակիցների հակաիրավական վարքագիծը չի վերաճել զանգվածային անկարգությունների:
Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ), Զ.Տ.-ի, Ա.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-44-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու փորձ):
Ա.Գ.-ի, Զ.Տ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: