ՌԴ–ի և Ադրբեջանի միջև խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ձևով. Պեսկով

Հունիսի 30-ին Ադրբեջանի ուժայիններն իրականացրին «գործողություն», որի արդյունքում ձերբակալվեցին Sputnik Ադրբեջանի 7 աշխատակիցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առաջացող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական եղանակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջացող խնդիրները, անշուշտ, պետք է լուծվեն կառուցողական եղանակով, այնպես, որ համապատասխանի մեր երկկողմ հարաբերությունների ընդհանուր ոգուն», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսական ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո բանակցություններ էին ընթանում իրավական հարցերի շուրջ՝ Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։
Սակայն Եկատերինբուրգում սպանություններից և մահափորձերից հետո ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալության պատճառով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին, և այդ ֆոնին հունիսի 30-ին Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություն իրականացվեց։ Ադրբեջանի ՆԳՆ-ն դա անվանեց «հատուկ գործողություն»։
Արդյունքում ձերբակալվեց 7 մարդ, այդ թվում՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ավելի ուշ նրանք 4 ամսով կալանավորվեցին։
Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի «Խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողներին: ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, բողոք է հայտնել նրան և նոտա է փոխանցել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ:
Հուլիսի 3–ին հայտնի դարձավ, որ Sputnik Ադրբեջանի խմբագրության ձերբակալված 5 աշխատակիցներին, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել։