ԻՀՊԿ–ի 2 սպա է զոհվել իսրայելական հակամարտությունից հետո ականազերծման աշխատանքների ժամանակ

Իրան-Իսրայել հակամարտության սուր փուլը սկսվել է հունիսի 13-ին և տևել է 12 օր, որից հետո կողմերը համաձայնել են զինադադարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու սպա զոհվել է Լորեստան նահանգում՝ Իսրայելի հետ հակամարտությունից հետո ականազերծման ժամանակ։ Այս մասին հայտնել է իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը։
«Այսօր՝ հուլիսի 6-ին, առավոտյան... իսրայելական ռեժիմի կողմից 12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում Խորամաբադ քաղաքում (Լորեստան նահանգ – խմբ.) մնացած պայթուցիկ նյութերից տարածքը մաքրելիս զոհվել են հայրենիքի ևս երկու պաշտպաններ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: