ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակի խուզարկությունից հետո կալանավորվածների թիվն արդեն չորս է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Ովքե՞ր կալանավորված անձինք և ի՞նչ պաշտոններ են զբաղեցնում, իրավապահ կառույցը չի հայտնում։
Երեկ տեղեկություն էր տարածվել, որ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակի խուզարկությունից հետո կալանավորվել են «Տաշիր գրուպ» խմբի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենն ու անշարժ գույքի գործակալը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։