ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին աջակցելու համար նախատեսված հավաքը և երթը արտոնված է։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Երթն ու հանրահավաքը նախատեսված է անցկացնել այսօր՝ ժամը 18:00-ին, «Seasons» այգում։
«Նախատեսված հավաքը և երթը արտոնված է, այն համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ–ի հետ»,– նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ երկու ամսվա կալանքը, անփոփոխ է թողել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։