Բագրատ սրբազանի զրույցի աղմկահարույց կտորը մոնտաժվել ու կտրվել է համատեքստից. «Հրապարակ»

Բագրատ սրբազանը հանրահավաքին. Արխիվային լուսանկար
Ձայնագրության այս հատվածը քննչական կոմիտեն չի ներկայացրել դատարան` կալանքի միջնորդությունը քննելու ժամանակ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Բագրատ սրբազանի մեղադրանքում ներկայացված խոսակցության այն կտորն, որն ամենից շատ տպավորություն թողեց հանրության վրա և տարածվեց, պարզվում է՝ մոնտաժվել ու կտրվել է համատեքստից, խոսակցությունը բոլորովին այլ բանի մասին է եղել։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Հենց առաջին օրն իշխանական շրջանակները տարածում էին զրույցի մի կտոր, որտեղ Բագրատ սրբազանն ասում է․ «2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտը, սաղ բնաջնջվում-գնում են: Գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս՝ կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»: Այսպես ներկայացնում էին, թե մի նոր «հոկտեմբեր 27» էր սպասվում, և իրենք ահաբեկչության փորձ են կանխել։
Պարզվում է՝ խոսակցությունը եղել է բոլորովին այլ բանի մասին, այդ պատճառով էլ քննչականը ձայնագրության այս հատվածը չի ներկայացրել դատարան` կալանքի միջնորդությունը քննելու ժամանակ:
«Իսկ եթե ամբողջ ձայնագրությունը ներկայացվեր դատարան, ապա հստակ կլսվեր, որ խոսք է գնում թմրամոլների, թմրանյութեր վաճառողների` «բառիգների» մասին, որոնք մեր ազգը ոչնչացնում են, և սրբազանը նրանց մասին է ասում` «պատի տակ գյուլլենք, իրենց ընտանիքներն էլ ուրախ կլինեն»»,- գրում է «Հրապարակը»։
Թերթը նշում է, որ այս տեղեկությունը ճշտել են 2 աղբյուրից ճշտել, և եթե իրական է, ապա գործ ունենք ապացույց կեղծելու հետ, որը քրեորեն պատժելի ծանր արարք է։
Հավելենք, որ ձայնագրությունները հրապարակելուց հետո իշխանական թևն ամենաշատը տարածում և մեկնաբանում էր հենց այս հատվածը։ Ալեն Սիմոնյանը, օրինակ, Հ1–ի եթերում այն որակեց «մարդասպանի խոսակցություն», համեմատեց Հոկտեմբերի 27–ի հետ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։