«Մտահոգիչ է բռնությունը». Կիսելյովը՝ Բաքվում Sputnik-ի աշխատողների պահման պայմանների մասին

Ադրբեջանի ՆԳՆ-ն հունիսի 30–ին հայտարարել էր «Sputnik Ադրբեջանի» գրասենյակում «գործողություն» իրականացնելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբին անհանգստացնում է, թե ինչ պայմաններում են պահվում Բաքվում ձերբակալված Sputnik Ադրբեջանի աշխատակիցները: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքին ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
«Մտահոգիչ է բռնությունը, որը կատարվում է բոլորովին անմեղ մարդկանց նկատմամբ, քանի որ ազատազրկումն, իհարկե, բռնություն է։ Քանի որ նրանց մեղադրում են ինչ-որ բացարձակ անհավանական, ինչ-որ տնտեսական հանցագործությունների համար, ինչ-որ խարդախության և այլն։ Այսինքն՝ ոչ մի նման բանով նրանք չեն զբաղվել»,-ասել է Կիսելյովը։
Նա հավելել է, որ գործակալությունը լրագրողներին կպաշտպանի իրավական մեթոդներով՝ միաժամանակ նշելով, որ իրավիճակը «ոչ թե իրավական է, այլ քաղաքականապես արհեստականորեն ուռճացված»:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսական ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո բանակցություններ էին ընթանում իրավական հարցերի շուրջ՝ Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։
Սակայն Եկատերինբուրգում սպանություններից և մահափորձերից հետո ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալության պատճառով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին, և այդ ֆոնին հունիսի 30-ին Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություն իրականացվեց։ Ադրբեջանի ՆԳՆ-ն դա անվանեց «հատուկ գործողություն»։
Արդյունքում ձերբակալվեց 7 մարդ, այդ թվում՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ավելի ուշ նրանք 4 ամսով կալանավորվեցին։
Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի «Խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողներին: ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, բողոք է հայտնել նրան և նոտա է փոխանցել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ:
Հուլիսի 3–ին հայտնի դարձավ, որ Sputnik Ադրբեջանի խմբագրության ձերբակալված 5 աշխատակիցներին, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել։