Միջուկային զենքը կարող է Թեհրանին ավելի խոցելի վիճակում դնել. Արաղչի

Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ միջուկային խնդրի շուրջ բանակցությունները՝ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն այժմ փորձում է հասկանալ՝ արժե արդյոք վստահել Վաշինգտոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի- Sputnik. Իրանըմիջուկային զենքը համարում է անմարդկային և իսլամի սկզբունքներին հակասող, որը կարող է Թեհրանին շատ ավելի խոցելի վիճակում դնել, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք միջուկային զենքը համարում ենք ոչ միայն անմարդկային, այլև իսլամի սկզբունքներին հակասող։ Երկրորդ՝ մենք չենք կարծում, որ մեր պետության պաշտպանությունը միջուկային զենք է պահանջում։ Այս զենքը մեզ շատ ավելի խոցելի վիճակում կդներ։ Իհարկե, Իրանի ներսում մինչ օրս քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ, և կան անձինք, ովքեր չեն կիսում իմ տեսակետը»,- ասել է նա CBS հեռուստաալիքին։
Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ միջուկային խնդրի շուրջ բանակցությունները՝ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն այժմ փորձում է հասկանալ՝ արժե արդյոք վստահել Վաշինգտոնին և նոր բանակցությունների մեջ մտնել ամերիկյան կողմի հետ իրանա-իսրայելական հակամարտությունից և դրանում Վաշինգտոնի ներգրավվածությունից հետո:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: