Հովիկ Աղազարյանը «փոթորկեց» ԱԺ-ն. նրան դուրս հրավիրեցին

ԱԺ–ում կրքերը թեժացան արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և նախկին թիմակիցների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև։
Sputnik
Խնդրում և կոչ եմ անում ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին,– ԱԺ–ում հայտարարեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ քննադատելով ՀԷՑ պետականացման գործընթացը։
«Եթե Երևանի կոնյակի գործարանը չմասնավորեցվեր, ապա այսօր խաղողագործություն չէինք ունենա։ Այսօր շատերն են դժգոհում «Վեոլիա ջուր» ընկերությունից, սակայն եթե այսօր համակարգը չտրվեր մասնավորին, ապա ջրի սով կլիներ։ Իրականում այս քայլերով փորձում են հակառուսական տրամադրություններ խորացնել, որպեսզի վաղը կամ մյուս օրը շրջվենք Արևմուտք՝ ՌԴ-ի հետ «խռովելով», իսկ Արևմուտքը սկսում է Թուրքիայից»,– ասաց Աղազարյանը։
Աղազարյանի խոսքերը դուր չեկան իր նախկին թիմակիցներին։ ՔՊ–ական Տիգրան Պարսիլյանը հայհոյախառն դիմեց Աղազարյանին՝ հորդորելով լքել դահլիճը։ Արման Եղոյանը ելույթից հետո բացականչում էր. «Ամոթ, ամոթ»։ Ընդդիմադիրներն էին փորձում հանդարտեցնել նախկին թիմակիցներին։
Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը Հովիկ Աղազարյանին դուրս հրավիրեց և արգելեց մասնակցել այս նիստին, իսկ Արման Եղոյանին նախազգուշացում տվեց՝ տեղից բղավելու համար։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 2–ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։