«ՀԷՑ–ի աշխատակիցները կարող են հանգիստ լինել»․ Փաշինյանի սպառնալիքների պատասխանը

Պաշտպանության խորհուրդը խոստանում է, որ աշխատանքից ապօրինի ազատված մարդիկ պարապուրդի ժամանակահատվածում կունենան համարժեք պայմաններով աշխատանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ –ի այն աշխատակիցները, որոնք աշխատանքից կազատվեն շինծու պատճառներով, կարող են հանգիստ լինել։ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին։
Փաշինյանն առավոտյան գրառում էր կատարել՝ ՀԷՑ աշխատակիցներին սպառնալով գործազրկությամբ։

«ՀԷՑ–ի այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով, իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն. նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն»,- գրել է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։

Ավելին, նրանք հայտնում են, որ պարապուրդի ժամանակահատվածում աշխատակիցները կունենան համարժեք պայմաններով աշխատանք:
Նշենք, որ Փաշինյանը գրել էր, թե ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նա նաև նշել էր, թե ՀԷՑ այն աշխատողները, ովքեր դիմադրում են և հավատարիմ են իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք, ովքեր այդ «դիմադրության» համար կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 2–ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։