Արդեն չորրորդ քրեական գործը․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Սերժ Սարգսյանին հիմա էլ մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։
Ըստ մեղադրանքի՝ 2000-2018 թթ. Սերժ Սարգսյանը, զբաղեցնելով պաշտպանության նախարարի, ապա վարչապետի, նախագահի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ նպաստել է, որ օտարերկրյա ներդրումներով ՀՀ կարիքների բավարարման համար Արարատի մարզի Սուրենավան համայնքում բիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավվեն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Մ. Բ.-ն (Միխայիլ Բաղդասարով- խմբ.) և վերջինիս պատկանող կազմակերպությունները: Գործի նյութերում տարբեր տարիների վերաբերող մի շարք դրվագներ կան։ Դրանցից մեկի համաձայն՝ 2015 թ. օգոստոսի 22-ին Սերժ Սարգսյանի դստեր ամուսու (Գրիգոր Մինասյան - խմբ․) հետ փոխկապակցված ընկերությունը 40 մլն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Մ. Բ.-ի հիմնադրած նոր ընկերության 100 տոկոս բաժնեմասը, ինչով պայմանավորված՝ հնարավորություն է ստացել ՀՀ բենզինային վառելիք ներկրելու մենաշնորհ ստանալ:
Գործի նյութերում առկա դրվագներից մեկն էլ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն։ Ըստ դրա՝ Սերժ Սարգսյանը Մ. Բ.-ից պահանջել է հիմնադրված նոր ընկերության՝ վերջինիս պատկանող բաժնեմասի 22,5 տոկոսը որպես կաշառք փոխանցել իր եղբորորդու և ՀՀ երկրորդ նախագահի (Ռոբերտ Քոչարյան -խմբ․) որդու հիմնադրած ընկերությանը, ինչը Մ․Բ․-ն կատարել է։ Այնուհետև Սերժ Սարգսյանը Մ. Բ.-ից պահանջել է իր եղբորորդու և ՀՀ երկրորդ նախագահի որդու ընկերությանը նախկինում որպես կաշառք ձևական գործարքով փոխանցված 22,5 տոկոս բաժնեմասի դիմաց ՀՀ երկրորդ նախագահի որդուն տալ առանձնապես խոշոր չափերով՝ 6 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից հետո Մ. Բ.-ն իրեն ներկայացված կեղծ փոխառության պայմանագրի հիման վրա փոխանցել է նշված առանձնապես խոշոր չափերով գումարը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Նշենք, որ սա արդեն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնված չորրորդ քրեական վարույթն է։
Հիշեցնենք` ավելի վաղ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում)։
Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 31-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով։
2023 թ. սեպտեմբերի 17–ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը։
Մարտին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել։ Ըստ հաղորդագրության՝ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ ), դրան օժանդակելու (3 դրվագ ) համար:
Մայիսի վերջին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար։ Ըստ մեղադրանքի՝ ՀՀ երրորդ նախագահը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է ընկերություններից մեկի տնօրենի օգտին գործողություններ կատարելուն, ինչի հետևանքով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանն է վաճառվել։ Դրա դիմաց նա 2008 թվականի փետրվարին և ապրիլին ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք: