Իրանում Իսրայելի հարձակումներից հետո զոհերի թիվը հասել է 935-ի

Իրանցի պաշտոնյայի տվյալներով՝ զոհվածներից 38-ը երեխաներ են, իսկ 102-ը՝ կանայք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. Իրանի տարածքի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի։ Այս մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրը։
«Իսրայելը և Միացյալ Նահանգները Իրանում սպանել են գրեթե հազար մարդու։ Վերջին դատաբժշկական տվյալների համաձայն՝ գրանցվել է 935 մահ», - ասել է Ջահանգիրը։
Նա նշել է, որ զոհերից 38-ը երեխաներ են, իսկ 102-ը՝ կանայք։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: