ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Նախորդ տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ՀԷՑ–ի աշխատանքի որակը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկելուն. այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Ասեմ ավելին` 2023թ–ին, ՀԾԿՀ–ի տեղեկանքի համաձայն, հոսանքազրկումների ցուցանիշը ՀՀ ամբողջ տարածքում 2022 թ–ի համեմատ բարելավվել է շուրջ 8.7 տոկոսով։ Հոսանքազրկումների միջին տևողությունը բարելավվել է 18.1 տոկոսով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տևողությունը` 12.85 տոկոսով։ Սա փաստում է, որ այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբևիցե, որևիցե ձևով չի գնահատել ՀԷՑ–ի աշխատանքն այնքան վատ, որ կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների»,– ասաց Ղազինյանը։
Շարունակելով պետական մարմնի կողմից հաստատված վիճակագրությունը` ՀԷՑ–ի տնօրենի պաշտունակատարը նշեց, որ 2023թ–ի ներդումային ծրագիրն ընկերությունը կատարել է 91.8 տոկոսով։
«Քանի որ կարծիք կա, որ ՀԷՑ–ը մեծ ծախսեր է անում, ինչ ուզում, անում է` նշեմ, որ ՀԾԿՀ–ին բացառիկ իրավունք է տրված չընդունել այն ծախսերը, որոնք ոչ նպատակահարմար են համարում, կամ ուռճացված»,– ասաց Ղազինյանը`շեշտելով, որ ընկերության տարեկան ծախսերը ևս հաստատվում են պետական հանձնաժողովի կողմից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։