ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի- Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ պահանջելով ճանաչել Իսրայելին և ԱՄՆ-ին որպես Իրանի դեմ ագրեսիայի ակտի նախաձեռնողներ: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնական Telegram-յան ալիքը։
«Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պաշտոնապես պահանջում ենք Իսրայելի վարչակարգին և Միացյալ Նահանգներին ճանաչել ագրեսիայի համար պատասխանատու, ինչպես նաև պարտավորեցնել նրանց փոխհատուցել հասցված վնասը», - ասվում է դիմումի տեքստում:
Արաղչին նաև կոչ է արել Անվտանգության խորհրդին պատասխանատվության ենթարկել մեղավորներին և միջոցներ ձեռնարկել ապագայում նման գործողությունների կրկնությունը կանխելու համար:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: