Վենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել Գարեգին Երկրորդին

Միաբանության հայրերն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված` անսասան պահելու Ամենայն հայոց հայրապետական աթոռը, կաթողիկոսին և հայ ազգին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Միաբանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։
«Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր հայրապետների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, հայ ազգի գոյատևումն ապահովվել է՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիների»,– նշել են միաբանության հայրերը։
Նրանք նաև հիշեցրել են, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրրան, հույսի փարոս, գոյատևման հենարան և կայունության երաշխիք։
«Մեր մշտամրմունջ աղոթքներով դիմում ենք Ամենափրկիչ Միածնին՝ հայցելով, որ անսասան պահի Ամենայն հայոց հայրապետական աթոռը, իր գահակալ սրբազնագույն կաթողիկոսին և հայ ազգին։ Ամենակալ տեր Աստված, փրկի՛ր մեզ չարից և դրա բոլոր արբանյակներից»,– ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»), իսկ հունիսի 28-ին կալանավորվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։