ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Իրանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին թույլ չի տա մուտք գործել իր միջուկային օբյեկտներ և այնտեղ տեղադրել գործակալության տեսախցիկները:
Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի փոխխոսնակ Համիդ Ռեզա Հաջի Բաբաեին 1981 թվականին ահաբեկչության ժամանակ սպանված այաթոլլա Սեյեդ Մոհամմադ Բեհեշտիի հիշատակի արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է, երբ Իրանը հայտնաբերել է, որ ՄԱԳԱՏԷ-ի հավաքած տվյալները հայտնվել են իսրայելական փաստաթղթերում:
«12-օրյա պատերազմը շարունակությունն էր իրանական ազգի դեմ 47-ամյա թշնամանքի, որին աջակցում է ԱՄՆ-ն։ Այդ թշնամանքն Իրանի դեմ է, ոչ թե հրթիռների կամ միջուկային ծրագրի։ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ 7 հազար տարվա քաղաքակրթություն ունեցող 90–միլիոնանոց երկիրը թույլ չի տա իրենց գերիշխանությունը տարածաշրջանում»,-հայտարարել է Բաբաեին։
Նա ընդգծել է՝ որքան թշնամին գնա էսկալացիայի, այնքան ուժեղ կլինի Իրանի ժողովրդի պատասխանը:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: