ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Չերկնչեք թշնամուց, որը զավթել է Հայոց պետությունը և «ոչ ոք չմոլորեցնի ձեզ պատիր խոսքերով, որովհետև թեպետ հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ»։ Սրբազան պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ սրբազանը նամակ է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
«Այն ինչ ներկայացվել է մամուլում և այն էլ ի՛նչ մամուլ, ամբողջությամբ սուտ է և կեղծիք՝ հարմարեցված իրենց նպատակին։ Երբ այս տողերը գրում էի, լուր ստացա, որ չարիքը հարձակվել է Մայր աթոռի վրա և ձերբակալել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Զորակցությունս սրբազան եղբորս՝ անխոնջ ու նվիրյալ, ազնվական հոգևորականին։ Մայր աթոռի վրա հարձակումը հարիր է միայն մարդասպան և հոգեսպան ռեժիմին՝ չարի իշխանությանը։ Սա այլևս ամեն ինչի վերջն է, և հատկապես չարի վերջը»,–գրել է Բագրատ սրբազանը։
Դիմելով իրավապահներին` սրբազանը նշել է, որ նրանց այսօրվա Վեհարանը գրոհելը նման է եղել հրոսակների ներխուժմանը, որոնք այնուամենայնիվ Վեհարանի վրա չեն արշավել։
«Դիմում եմ ձեզ՝ անեծքի տակ մի՛ մտեք, չարիքին մի ծառայեք, ձեր զավակները հարց են տալու և չկարողանաք արդարանալ։ Միշտ ասել եմ՝ այս չարիքը ձեզ հանցակից, մեղսակից և արյունապարտ է դարձնում։ Մի՛ մտեք և վերցրեք Աստծո անեծքը»,–գրել է նա։
Բագրատ սրբազանն ընդգծել է, որ այս ամենն իր գիտակցված որոշումն է, պատրաստ է անարգանք, սուտ, զրպարտություն, լուտանք, կալանք, զրկանք կրել, բայց չապրել անպատիվ, անհայրենիք։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։