Իրանը կարող է գործողությունների անցնել ԱՄՆ-ի դեմ Մերձավոր Արևելքում. Խամենեի

Իրանի կողմից Կատարում գտնվող ամերիկյան Էլ-Ուդեյդ բազային հասցված հարվածները ապտակ էին ԱՄՆ-ին, հայտարարել է Խամենեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իրանը կարող է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի «կարևոր կենտրոնների» դեմ Մերձավոր Արևելքում, երբ անհրաժեշտ համարի։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Մեծ իրադարձություն է տեղի ունեցել։ Այն, որ Իրանը կարող է հասանելիություն ունենալ տարածաշրջանի կարևոր կենտրոններին և ցանկացած պահի, երբ անհրաժեշտ լինի, կարող է գործողություններ ձեռնարկել տարածաշրջանում ԱՄՆ կարևոր կենտրոնների դեմ, ոչ թե փոքր, այլ մեծ իրադարձություն է։ Եվ այն կարող է կրկնվել ապագայում։ Եթե ագրեսիա լինի, թշնամու և ագրեսորի գինն ու կորուստները, անշուշտ, բարձր կլինեն»,– Խամենեիի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

Իրանի կողմից Կատարում գտնվող ամերիկյան Էլ-Ուդեյդ բազային հասցված հարվածները նա ԱՄՆ-ին ուղղված հզոր ապտակ է անվանել։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: