ԵՐԵՎԱՆ, հունիսի 25 - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Իսրայելն ու Իրանը այլևս չեն գործի միմյանց դեմ։
«Մենք կարծում ենք, որ սա (Իրանի և Իսրայելի միջև առճակատումը - խմբ.) ավարտվել է: Ես չեմ կարծում, որ նրանք կգործեն միմյանց դեմ», - լրագրողներին ասել է Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունենում հունիսի 24-25-ը Հաագայի կոնգրեսների շենքում: Բոլոր մասնակից երկրների ղեկավարները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, հաստատել են իրենց հավատարմությունը կոլեկտիվ պաշտպանության մասին Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածին՝ ըստ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի։
Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին: