Թրամփին Նոբելյան մրցանակի են առաջադրել

Կոնգրեսականը «պատմական» է որակել ԱՄՆ նախագահի դերը Թեհրանի և Թել Ավիվի միջև հրադադարի հասնելու գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կրկին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, այս անգամ՝ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնության համար:
Առաջադրումը նախաձեռնել է կոնգրեսական Բադի Կարտերը՝ որպես հիմք նշելով երկու երկրների միջև զինված հակամարտության դադարեցման գործում Թրամփի «բացառիկ և պատմական դերը»: Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահի շնորհիվ կասեցվել է «Իրանի կողմից մոլորակի ամենամահաբեր զենքի ստեղծումը», Իրանն էլ բնութագրվել է որպես «ահաբեկչության ամենախոշոր պետական հովանավոր»։
Նշենք, որ տարեսկզբին Ներկայացուցիչների պալատի անդամ Դարել Իսան ևս առաջադրել էր Թրամփի թեկնածությունը՝ նշելով, որ 2024 թվականի ընտրություններում նրա հաղթանակն իբր «զարմանալիորեն արդյունավետ ազդեցություն» է ունեցել համաշխարհային խաղաղության վրա:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: