ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։
«Հրադադարն ուժի մեջ է մտել։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփն իր Truth Social սոցցանցում։
Հունիսի 24-ի լույս գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։ Սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ որևէ համաձայնություն դեռ չկա։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ–ի հարվածներից հետո հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա այդ դեպքը չէ, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։