ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղադրվեց «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ և «Ցեղասպանության կանխարգելման մասին» կոնվենցիայի ընդունման նախաձեռնողներից մեկի՝ Ռաֆայել Լեմկինի անունով հուշատախտակ: Հուշատախտակի հետևում նրա նյույորքյան գերեզմանից բերված հողով լի սափոր է տեղադրված:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը արարողության ժամանակ նշեց, որ այս ժեստը երախտագիտություն է խորհրդանշում։
«Նա այն մարդն էր, որ կարողացավ մեկ բառով արտահայտել հայերի վերապրած ապրած ողջ սարսափը և հիմք դրեց արդարության համար միջազգային պայքարին», – ասաց նա:
Էդիտա Գզոյան
© Sputnik
Գզոյանի խոսքով՝ Լեմկինի գործունեությունը խոր հետք է թողել Հայաստանի պատմության մեջ։
Նրա ջանքերի շնորհիվ 1948 թվականին ընդունվեց մարդու իրավունքների առաջին միջազգային կոնվենցիան, որն ուղղված էր ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը և պատժմանը։
Թեև Լեմկինը երբեք չի եղել Հայաստանում, բայց մեծ ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։
Հիշեցնենք, որ 1996 թվականին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատի հետնամասում սկսեցին թաղել հողով լի սափորներ, որոնք վերցված էին Հայոց ցեղասպանության դեմ արտահայտված օտարերկրյա հասարակական, քաղաքական, գիտական և մշակութային գործիչների գերեզմաններից։ Հուշապատի վրա փորագրված են Անատոլ Ֆրանսի (ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր), Արմին Վեգների (գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս), Յոհաննես Լեփսիուսի (գերմանացի արևելագետ, հասարակական գործիչ, աստվածաբանության դոկտոր), Ֆրիտյոֆ Նանսենի (նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, Ազգերի լիգայում փախստականների գործերով գլխավոր հանձնակատար), Մարիա Յակոբսենի (դանիացի միսիոներ, բժիշկ, հայտնի է հայկական մանկատներում իր աշխատանքով) և այլոց անունները։