ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Թիմ Քեյնը քննադատել է Իրանի դեմ հարձակողական գործողություններ սկսելու որոշումը՝ հայտարարելով, որ այն ընդունվել է առանց Կոնգրեսի հավանության, ինչը, նրա կարծիքով, անթույլատրելի է:
«Հարձակողական պատերազմ սկսելու որոշումը պետք է կայացվի Կոնգրեսի քվեարկության արդյունքում, ոչ թե միանձնյա։ Մենք` որպես ժողովրդի ընտրված ներկայացուցիչներ, պարտավոր ենք քննարկել նման հարցերը և դրանք ընդունել միասնաբար, ոչ թե այդ իրավունքը փոխանցել մեկ մարդու», - գլխադասային կոմիտեում լսումների ժամանակ ընդգծել է սենատորը։
Նա հավելել է, որ անգամ նախագահի կողմնակիցները չպետք է հավանություն տան այսրոպեական հույզերի կամ անձնական հայացքների վրա հիմնված նման լուրջ որոշումների ընդունմանը:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: