ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի հարվածներից հետո կոչ են արել Իրանին զսպվածություն ցուցաբերել։ Այդ մասին նրանք հայտարարել են Իրան-Իսրայել հակամարտությանը նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական արտակարգ նիստի ժամանակ։
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվարդը, բոլոր ջանքերը պետք է ուղղվեն լարվածության թուլացմանը։
Սակայն, նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան միշտ հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և երկրի միջուկային ծրագիրը «լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»։
Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները նշել են, որ իրենց երկրները չեն մասնակցել իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ–ի այսօրվա հարվածներին և հղում են կատարել «եվրոեռյակի» առաջնորդների (Ֆրանսիայի նախագահ, Գերմանիայի կանցլեր և Մեծ Բրիտանիայի վարչապետ) կողմից հնչեցված դիվանագիտական երկխոսության կոչերին։
Ի դեպ, Վուդվարդը որոշել էր կոչ անել զսպվածության և բանակցություններին վերադառնալու հատկապես Իրանին, այլ ոչ թե ԱՄՆ–ին և Իսրայելին։ Նա շարունակել է. «Իրանի հրաժարումը ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցելուց հղի է հետագա ռիսկերով»։
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը նույնպես կոչ է արել Իրանին «զերծ մնալ պատասխան հարվածներից և դադարեցնել միջուկային ծրագիրը և շարժվել դիվանագիտության ճանապարհով»։ Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի զարգացման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ «ՄԱԳԱՏԷ–ն հնարավորություն չի ունեցել երաշխավորելու այս ծրագրի խաղաղ բնույթը»։ Փարիզը կրկնել է Լոնդոնի դիրքորոշումը՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Դրա համար, Բոնաֆոնի խոսքով, անհրաժեշտ է համաձայնագիր, որը երաշխավորում է իրանական միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողությունը։
ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Իրանին նույնիսկ անվանել է «ահաբեկչության գլխավոր հովանավոր–պետություն», հայտարարելով, որ Թեհրանը «միջուկային սպառնալիք է ներկայացնում»։ Նրա խոսքով` Իրանը 40 տարի շարունակ վանկարկել է «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»։ Նա հավելել է, որ Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հարձակվել է Իսրայելի վրա՝ առանց հիշատակելու, որ վերջին սրացումն Իսրայելն է սկսել։
Նրա խոսքով` Իրանը երկար ժամանակ «սաբոտաժի էր ենթարկում բարի կամքի դրսևորումները» միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի կարծիքով իրանական ռեժիմը չի կարող միջուկային զենք ունենալ և մեջբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որն ասել է, որ Ամերիկայի կամ ամերիկյան բազաների նկատմամբ Իրանի ցանկացած գրոհ «ավերիչ պատասխան» կառաջացնի։
Նա պնդում է, որ Թեհրանը շարունակում է արագացնել իր միջուկային ծրագիրը՝ առանց «հիմնավորելու դրա խաղաղ բնույթը»։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։