Արայիկ Հարությունյանին կրկին «հարցաքննել» են Բաքվում ու անդրադարձել «Հայաստան» հիմնադրամին

Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում. Արխիվային լուսանկար
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործով հերթական նիստը տեղի կունենա Բաքվում հունիսի 30-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Արցախի նախկին առաջնորդ Արայիկ Հարությունյանը Բաքվում այսօր «ցուցմունք» է տվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության մասին «դատական» հերթական նիստի ժամանակ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հարցաքննության ընթացքում հարցեր են տրվել նաև «Base Metals», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների և այլ կառույցների վերաբերյալ: Բացի այդ, Հարությունյանին կրկին հարց է ուղղվել 2020 թվականին «Գյանջայի ռմբակոծության» մասին։
Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը` ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործով «դատական» հերթական նիստը Բաքվում տեղի կունենա հունիսի 30–ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: