ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Մեր ընտանիքը լուրջ փորձության միջով է անցնում, սակայն դժվարություններն ավելի ուժեղ ու ամուր կդարձնեն մեզ։ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկը, հոր կալանավորումից հետո նման գրառում է արել «Ինստագրամի» իր էջում` կից հրապարակելով լուսանկար, որտեղ ինքն ու հայրն են` շատ տարիներ առաջ։
Սամվել Կարապետյանը դստեր` Տաթևիկի հետ
© Photo : Social media of Tata Karapetyan
«Նա միշտ հիշեցնում էր մեզ, թե ով ենք մենք, որտեղից ենք, և ինչ արժանապատվությամբ ու սիրով պետք է կրենք հայի մեր ազգային պատկանելությունը։ Հայրենի հողի հանդեպ այդ սերը մեզ համար դարձել է ոչ միայն դաստիարակության մի մաս, այլ մեր ներքին մշակույթի առանցքը: Ես հպարտ եմ ոչ միայն նրա ձեռքբերումներով, այլև նրանով, որ նա կարողացել է փոխանցել մեզ հայրենիքի հետ կենդանի կապի զգացումը ողջ կյանքի համար»,– գրել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ընտանիքը, որտեղ ինքը մեծացել է, ոչ միայն ընտանեկան կապերն են, այլև ամենօրյա աշխատանքը, փոխադարձ աջակցությունը և գիտակցված հավատարմությունը սեփական արմատներին:
«Մեզանից յուրաքանչյուրը անհատականություն է, բայց միասնության մեջ է մեր ուժը: Ուժը դրսևորվում է ոչ թե առանձին ժեստերի, այլ միասին լինելու ունակության մեջ, հատկապես, երբ դա իսկապես կարևոր է»,– գրել է Կարապետյանի դուստրը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։