ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո «Արմավիր» ՔԿՀ են տեղափոխել, որպեսզի ցույցեր չլինեն. խորհրդարանական ճեպազրույցների կամանակ նման ենթադրություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Ընդդիմադիր գործիչը, սակայն, չբացառեց բողոքի ակցիաների կազմակերպումը` ասելով.
«Այս օրերի ընթացքում, բնականաբար, կլինենք քննարկումների մեջ։ Շատ բան կախված է նաև, իհարկե, պարոն Կարապետյանի հետագա մոտեցումներից, հետագա կարծիքներից»,– ասաց Վարդանյանը։
Նա շեշտեց, որ կալանավայրում Սամվել Կարապետյանի հետ հանդիպելու հնարավորություն չկա, քանի որ նրա նկատմամբ կիրառվել է հանդիպումների արգելքի ամենախիստ ռեժիմը. միայն փաստաբաններն են կարողանում այցելել նրան։
Ինչ վերաբերում է գործարարի կատմամբ հարուցված քրեական գործի հիմքում դրված հայտարարությանը, Աղվան Վարդանյանը պնդում է, որ այն վերաբերում էր բացառապես եկեղեցուն աջակցելուն ու պաշտպանելուն։
«Միայն հիվանդ մարդը դրա տակ կտեսնի իշխանության բռնազավթման կոչ` ինչպես որակել են քննիչներն ու դատարանը»,– ասաց պատգամավորը` հավելելով, որ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանության արշավանքի նպատակը հանրությունը պառակտելն է, հոգևոր հիմքերը խարխլելը և որպես արդյունք` ադրբեջանաթուրքական նախապայմանները կատարելը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։